ՀԻՄՆԱԴԻՐ

founder “Գեոիդ” ՍՊԸ-ն հիմնադրվել է Պետրոս Գևորգի Ալոյանի կողմից, ով եղել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1994թ-ից բնական գիտությունների և ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր, 1976թ-ից Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գիտական մասով տնօրենի տեղակալ, “Ընդերքի Պահպանության Կենտրոն”-ի նախագահ, նա նաև Հայաստանի հանքային հումքի արդյունավետ օգտագործում և ընդերքի լիարժեք յուրացում բազմահատոր մատենաշարի գլխավոր խմբագիրն էր: 2001-2010թթ. ընթացքում լույս են տեսել 11 աշխատություններ:
Պետրոս Ալոյանը ծնվել է 1937թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեվանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 1961թ-ին, ավարտելով համալսարանը “Ճարտարագետ-երկրաբան-հետախույզ” մասնագիտությամբ՝ անցել է աշխատանքի Երևանի Լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտում: 1965-1968թթ սովորել է Մոսկվայի Շմիդտի անվան “Երկրի Ֆիզիկայի Ինստիտուտ”-ի ասպիրանտուրայում՝ նշանավոր երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Վ. Վ. Բելոուսովի ղեկավարությամբ: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Լենինականի Գեոֆիզիկայի և Սեյսմոլոգիայի ինստիտուտում, այնուհետև վերադարձել է Երևանի Լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինտիտուտ՝ որպես գիտաշխատող, ապա որպես ավագ գիտաշխատող: Այդ տարիներին նրա տարերքը երկրատեկտոնիկան էր՝ երկրաշարժագիտությունը (երկրաբանական գիտության ամենաբարդ ճյուղերից մեկը): Եվ մինչ 1974թ-ին նա կպաշտպաներ երկրաբանահետախուզական գիտությունների թեկնածուական թեզը, մինչ կկայանար որպես գիտությունների թեկնածու, արդեն իսկ հեղինակել էր այդ բնագավառի մեկ տասնյակից ավել գիտական հոդվածներ, բազմիցս մասնակցել էր հանրապետական գիտական կոնֆերանսներին և այդ բնագավառի ճանաչված մասնագետներից մեկն էր:
Պ.Ալոյանը հեղինակել է ԽՍՀՄ և Հայաստանի առաջատար մասնագիտկան հանդեսներում լույս տեսած ավելի քան 100 գիտական հոդվածների, մոտ 150 գիտական հաշվետվությունների, որոնք պահպանվում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հատւկ ֆոնդերում: Նա հեղինակ և համահեղինակ է 8 մենագրությունների որոնք նվիրված են Հայաստանի հումքային բնապաշարների արդյունավետ օգտագործման խնդիրներին:
Պետրոս Ալոյանը 1976թ-ից ղեկավարում էր Երևանի Լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտի (հետագայում մի քանի անգամ վերանվանվել է, այժմ կոչվում է Վալեքս Գրուպ համակարգում “Լեռնամետալուրգիայի ինստիտուտ” ՓԲԸ) երկրաբանության լաբորատորիան: Նրա անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ լաբորատորիայում բազմապրոֆիլ աշխատանքներ էին տարվում: Այդ աշխատանքները մշտապես առնչվում էին ՀՀ և ԼՂՀ հանքային հումքի ստեղծման, ընդլայնման և արդյունավետ օգտագործման հարցերին:
Պետրոս Ալոյանը չափազանց շատ էր կարևորում հումքի համալիր օգտագործման ուղղությամբ մշտապես ծառացած խնդիրը: Նա գտնում էր, որ դա առավելապես Հայաստանի հանքային արդյունաբերությամ ամենացավոտ կողմն է, երբ հանքաքարի վերամշակումը, կամ կիսապատրաստուկների օտարումը հանրապետությունից կատարվում էր առանց հաշվի առնելու նրանցում հազվագյուտ մետաղների և հողերի, երբեմն նույնիսկ թանկարժեք մետաղների առկայությունը: Այդ հարցերը բազմիցս արծարծվել են նրա հեղինակած բազմաթիվ գիտական աշխատություններում ու մենագրություններում, որոնք վերաբերում էին Հայաստանի տարբեր ֆորմացիաներին, հանքավայրերում հազվգյուտ մետաղներին և հողերին, պլատինի խմբի մետաղներին, ածուխներին, մետաղաբերությանը:
Պետրոս Գևորգի Ալոյանը մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատում էր. Ղեկավարելով “Գեոիդ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ Պ. Ալոյանն ավարտին հասցրեց մի մեծ խմբի՝ այդ թվում և իր հեղինակած ծավալուն գիրքը՝ “Հայաստնի Երկրաբանական Հանրագիտարան”-ը: